Եռօրյա ճամփորդություն Վայոց Ձորում

Ստեղծագործական բաց հավաք

Նախագիծ՝ Կլոր սեղան

Հունվարի 20-ին միջին դպրոցի սովորողների և ընկեր Գոհարի հետ ճանապարհ ընկանք` Երևանից-Զանգակատուն-Արենի-Արատես-Արտաբույնք: Գիտեինք, որ հոյակապ ճամփորդություն ենք ունենալու և սպասելիքները արդարացան: Ճամփորդության նպատակը մարզական ձմեռային խաղերն էին, լավաշթխիկի ծեսը, շաբաթ օրվա մկրտության ծեսի բանահավաքչությունը, ձմեռային ֆուտբոլը, այցելություն Արտաբույնքի մատուռները:

Արտաբույնքի միջնակարգ դպրոցի սովորողները իրենց մարզչի՝ ընկեր Ագապիի հետ միացան մեզ,  միասին բարձրացանք դեպի ձնառատ Արատես, մարզական խաղերը միասին անցկացնելու համար: Չէինք պատկերացնում, որ չոր և անհրապույր ճանապարհից հետո, կտեսնենք այսպիսի Արատես:

Արատեսից հետո  Արտաբույնքի մեր ընկերների հետ հյուրընկալվեցինք իրենց տներում: Հաջորդ օրը գնացինք Արտաբույնքի միջնակարգ դպրոց, որը 141 տարվա պատմություն ուներ: Բայց այդպիսի հերոսներ տված, Արցախի քառօրյա պատերազմի մասնակիցներ ունեցող դպրոցը գտնվում էր անմխիթար վիճակում, հատուկ ծրագրով նորոգված միայն մեկ դասարան ունեին, մնացած դասարաններում շատ ցուրտ էր, մարզադահլիճն էլ բոլորովին փակ, ցրտի և վատ վիճակի պատճառով: Արտաբույնքի մարզիկների հետ ֆուտբոլ խաղացինք դրսում, պայքարը թեժ էր,  մարզադաշտի կեսը սառույց էր, մենք պարտվեցինք, բայց խաղը ավարտեցինք առանց վնասվածքների:

Խաղից հետո, դպրոցի տնօրենը մեզ ուղեկցեց դեպի գյուղի մատուռները, մեկը մոտ էր և անուն չուներ, մուտքի մոտ էլ շատ հին, X-XVI դարերի խաչքարեր կային ամեն մեկը իր պատմությամբ, մյուս մատուռը՝ «Չռի մատուռ» կամ «Չռի ժամտուն» անունն ուներ, որի մասին շատ քիչ տեղեկություն կար վիքիպեդիայում, բավականին հետու էր և պետք էր  վեր բարձրանալ, բայց այդ գեղեցկությունը տեսնելու համար արժեր, ճամապարհին ընկեր Բաբայանը պատմում էր իրենց գյուղի պատմությունը և ցույց  տալիս հնամենի շինությունները:

Հաջորդիվ մեզ սպասում էր լավաշ թխիկի ծեսը, կրթահամալիրը պատրաստվում է մկրտության ծեսին և Արտաբույքի մեր գործընկերները սիրով լավաշ թխեցին Աստղիկ Բլեյանի սուրբ մկրտության համար: Երբ վերադառնում էին ճամփորդությունից, չէինք կարող մեզ զրկել  Արենի գինու մառան այցելությունից, որտեղ պահվում էին Արենի գինու համեղ տեսակները:

Categories: Ճամփորդություններ, Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր | Թողնել մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.