2013-2014 ուս. տարին սկսվեց նոր նախագծերով: Նախ սկսեցինք մեր դահլիճները մաքրել, որպեսզի մաքուր սկսենք նոր ուսումնական տարին: Սեպտեմբերը նշանավորվեց բարձունքի հաղթահարմամբ: Մարզաառողջարարական կենտրոնն իր բոլոր մարզիչներով մարզական ակումբի իրենց սաների հետ հաղթահարեցին Մեծըփ լեռը՝ բարձունքի հաղթահարումը նվիրելով Վահան Ասատրյանի հիշատակին: Որից հետո մեծ ուժերով պատրաստվեցինք «Վահան Ասատրյան» հուշամրցաշարին, որին մասնակցում էին Երևան քաղաքի չորս թիմեր, մեկը՝ մեր կրթահամալիրի բասկետբոլի ակումբն էր, նրանք էլ մեծ պատվով գրավեցին առաջին տեղը: Վստահ եմ, որ հաջորդ տարի ավելի շատ թիմեր կմասնակցեն: Հոկտեմբերին միջին դպրոցի մի խումբ սովորողների հետ գնացինք Աղավնաձոր՝ խաղող հավաքելու, շատ հետաքրքիր ու հագեցած օր ունեցանք: Հետո իրականացավ բոլոր մարզիչների և սեբաստացիների երազանքը, սկսվեցին մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները: Դահլիճի վերանորոգման պատճառով դասերը սկսեցինք անցկացնել մարմնամարզական դահլիճում: Դեկտեմբերին սկսվեց ճամբարային եռուզեռը, որտեղ ակտիվ մասնակցություն ունեցան կրտսեր դպրոցի սովորողներն իրենց դիջի մարմնամարզություններով: Մարտին տեղի ունեցավ «Վահան Ասատրյան» մարզադահլիճի բացումը: Բացման հետ մեկտեղ սկսվեց մարզական ստուգատեսը: Պատրաստվում էին բոլորը՝ դասավանդողները և ավագ դպրոցների ակումբները: Շատ ակտիվ էին էկոլոգների, գիտակների, խոհարարների, մարզական, հայրենագետների, ընթերցողների ակումբների սովորողները: Հունիսին սկսվեց ամառային ճամբարը: Առաջին երեք օրերին մարմնամարզության դահլիճում անցկացվեց նախակրթարանի երեխաների մարզական ստուգատեսը: Ամսի 6 -ին մասնակցեցինք «Ջրի օր» նախագծին: Դպրոց-պարտեզի նոր վերանորոգված լողավազանում հունիսի 17-ին տեղի ունեցավ ջրագնդակի մրցաշար՝ ընկերական խաղ, որտեղ խաղում էին մեր կրթահամալիրի մարզիկները և վրաստանի հյուրերը: Մաքրեցինք և ազատեցինք ավելորդ իրերից հրաձգարանի համար նախատեսված տարածքը, ընդունեցինք պաշտպանության նախարարին, ով խոստացավ օգնել մեզ ունենալ նոր և չափանիշներին համապատասխան հրաձգարան և մարզադաշտեր: